Месяц: Февраль 2018

Սովորողի գործունեության գնահատում

Ուսումնասիրությունն անց է կացվել կրթահամալիրի տնօրենի առաջարկով:
Ուսումնասիրության համար հիմք են հանդիսացել.

  • Էլեկտրոնային մատենավարությունը
  • Սովորողի բլոգը
  • Աճի զարգացման բնութագիրը
  • Դասավանդողների կարծիքները

Ուսումնասիրության արդյունքներ

Էլլադա Թադևոսյան

Реклама

Աշխատանք-ինքնակրթույուն (հոդվածի նախագիծ)

Կրթահամալիրը ինքնակրթության հարթակ է։ 

Ավարտել եմ թիվ 181 դպրոցը, որից հետո սովորել եմ ԵՊՀ-ի փիլիսոփայության ֆակուլտետում: 2001թ. բակալավրի աստիճան արդեն ստացել էի, ընդունվել էի մագիստրատուրա (իմ ուսումնառության տարիներին մագիստատուրա անցնում էիր ուսումնառության 4 տարիների ընթացքում հավաքած միավորներով, ցանկացողները 2-րդ փուլով քննություններ էին հանձնում և նույնպես շարունակում ուսումը): Ինձ համար հստակ էի որոշել. ուսումս կշարունակեմ միայն այն դեպքում, եթե աշխատանք գտնեմ:

Սկսվեցին փնտրտուքներս… եկա «Մխիթար Սեբաստացի» կրթահամալիր: Ինձ ուղեկցեցին կրթահամալիրի փոխտնօրեն Գևորգ Հակոբյանի մոտ: Ներկայացա,  ասացի, որ նոր եմ ավարտել համալսարանը, աշխատանք եմ փնտում, ներկայացրեցի աշխատանքներիս փաթեթը՝ դիպլոմային, ավարտական աշխատանք, ուսանողական տարիներին հրատարակաած մի քանի հոդված: Տիար Գևորգը (այն ժամանակ ինձ համար՝ պարոն Գևորգ Հակոբյանը) վերցրեց փաթեթը, խոստացավ անպայման կարդալ: Անցավ մոտ երկու շաբաթ, նորից եկա կրթահամալիր։ Տիար Գևորգն ասաց, որ աշխատանքներս հավանել է, բայց փիլիսոփայություն դասավանդողի կարիք չունեն կրթահամալիրի մանկավարժական քոլեջը և ավագ դպրոցը: Ինձ թվաց, թե դարձյալ մերժում եմ ստանում։ Գնա մագիստարտուրան էլ ավարտիր, հետո… Աշխատանքային փորձ չունես։ Տվյալներդ թող, հետո կզանգենք։ Այս պահին տեղ չունենք։ Ու էլի այսպիսի տարբեր բաներ արդեն լսել էի… Բայց մի փոքր դադարից հետո հետևեց շարունակությունը.
— Սոցիոլոգի թափուր տեղ ունենք… Անցել եք, չէ՞, համալսարանում…։

Մի քիչ շփոթվեցի: Իմ ուսումնառության տարիներին ֆակուլտետները դեռ միասին էին՝ փիլիսոփայության, սոցիոլոգիայի և հոգեբանության… Չնայած աշխատանք գտնելու մեծ ոգևորությանս, չշտապեցի պատասխանել, մեկ-երկու օր ժամանակ խնդրեցի:

Մոտենում էր սեպտեմբերը: Ստացա առաջին առաջադրանքը. ուսումնասիրության թեման էր «Նոր ուսումնական տարում կրթահամալիրից այլ դպրոց տեղափոխվածներ և այլ դպրոցներից կրթահամալիր եկածներ»… Թերթեցի դասախոսություններս, ընկերներիցս մեկից գտա կիրառական սոցիոլոգիայի ուսումնասիրություններ անցկացնելու մեթոդական ուղեցույց, հանդիպեցի ինձ դասավանդած համալսարանական դասախոսներ Ալիկ Բաբայանին, Արթուր Աթանեսյանին, խնդրեցի նրանց օգնությունը: Ու աշխատանքս դարձավ իսկական ինքնակրթություն:

Սկսեցի առաջին ուսումնասիրությունս: Աշխատանքը բավականին հետաքրքիր էր, անում էի սիրով և ոգևորությաամբ: Մոտ մեկ ամսից ավարտեցի, արդյունքները ներկայացրի տիար Գևորգին: Հավանեց, ոգևորեց: Հոկտեմբերի 1-ից կրթահամալիում անցա կրճատ աշխատաժամանակով աշխատանքի: Օրվա առաջին կեսը սովորում էի կրթահամալիրում, 2-րդ կեսը՝ ԵՊՀ-ում: Ասեմ, որ հետագայում ինչ աշխատանք էլ ստացա-ստանձնեցի, սոցիոլոգի՝ այդ տարիներին յուրացրած աշխատանքային հմտությունները մշտապես պետք են գալիս:

Երկու տարի անց ավարտեցի մագիստարատուրան: Այդ նույն տարում էլ Գևորգ Հակոբյանի և Անահիտ Արնաուդյանի առաջարկով քոլեջի 3-րդ կուսում սկսեցի դասավանդել «Ուսումնասիրման մեթոդիկա» առարկան: Մշակեցի դասընթացի ծրագիրը, սկսեցի փորձարկել… ինքնակրթության  հեթական հարթակը, որտեղ չգիտես՝ սովորեցնում, թե սովորում ես։ Շատ հետաքրքիր էր… Մասնագիտական գրականության ուսումնասիրություն, մշակումներ, փորձարկումներ: Տիար Գևորգին առաջարկով արձանագրում էի յուրաքանչյուր դասից ակնկալիքս և ստացված արդյունքը: Շատ էր օգնում… Իսկական, իրական իմացումի հրճվանք…

2007 թվականից տիար Բլեյանի առաջարկով սկսեցի կրթահամալիրում համակարգել «Ներառական կրթություն» ծրագիրը: Աշխատանքը և՛ հուզիչ էր, և’ հետաքրքիր: Անցա մի շարք վերապատրաստումներ, այդ թվում՝ ԱՄՆ-ում. նոր ծանոթություններ, կապերոլորտի մասնագետների հետ: Մոտեցումների հետ կապված բանավեճեր, հիմնավորումներ, ծրագրի, դրա իրականացման կարգերի մշակումներ…

Այս տարիների ընթացքում էլի մի շարք աշխատանքներ՝ գնահատման ծառայություն (ուսումնասիրություն-գնահատումներ)Քննական կենտրոն. սովորողների հետ «Հասարակագիտություն» դասընթացի շրջանակներում վարեցի կրթահամալիրի «Վիճակագիր» էջը, որտեղ հրապարակվում էին սովորողների հետ իրականացրած ուսումնասիրությունները, այս փորձի ներկայացում  «Դպիր» մանկավարժական էլեկտրոնային ամսագրում: Շնորհակալ եմ իմ կրթության-ինքնակրթության-կայացման ճանապարհով ինձ ուղեկցող ավագ գործընկերներիս՝ Աշոտ Բլեյանին, Գևորգ Հակոբյանին, Աիդա Պետրոսյանին, Մարիետ Սիմոնյանին, Սուսան Մարկոսյանին ու էլի շատ ու շատերի… Նրանց դպրոցն անցա ու անցնում եմ սիրով ու հեշտությամբ:

Ուսուցչական փորձի ձեռքբերումս սովորողի ընտրությամբ դասընթացի շրջանակում 11-րդ դասարանցի Մերի Շարոյանի հետ «Սոցիոլոգիա» ուսումնական ձեռնարկի հրապարակումն էր, որը Դիջիտեքում արժանացավ մրցանակի: Աշխատում էինք հավեսով… Ձեռնարկը հիմա էլ լավ ուղեցույց է  Կիրառական սոցիոլոգիայով հետաքրքրվածների համար:

Կրթահամալիրում աշխատանքով երրորդ մասնագիտությունը յուրացնում եմ «Տիգրան Հայրապետյան» մեդիագրադարանում, որով սկսեցի զբաղվել 2016 թվականի մայիսից: Աշխատանքային մյուս երկու ոլորտներից բավականին հեռու, բայց և հարազատ ու մոտ: Սկսեցի ուսումնասիրել ամենատարբեր էլեկտրոնային գրադարաններ, էլեկտրոնային ռեսուրսներ հայտնաբերելու նոր ձևեր, կայքեր, էլեկտրոնային հրատարակչության համար անհրաժեշտ ծրագրեր, հեղինակային իրավունքին առնչվող հարցեր, ոլորտի մասնագետների հետ կապեր:
Որպես 2017 թվականի կարևոր ինքնակրթություն-ձեռքբերում՝ ուզում եմ առանձնացնել համակարգչային մի շարք ծրագրերի յուրացումը՝

  • Սքանավորում.
  • «Avatan», որ հնարավորություն է տալիս մաքրելու, լավացնելու սքանավորած նյութերը.
  • «ABBYY fineReader», որը հնարավորություն է տալիս նկար-pdf-ը դարձնել աշխատանքային word փաստաթուղթ.
  • «Adobe acrobat DC»խմբագրական ծրագիր, որով հնարավոր է pdf wgrkgp=pyut խմբագրական աշխատանք անել.
  • «Fotoshop»

Բայց ստացածս ամենակարևոր դասն այն է, որ նոր գործ սկսելուց չեմ վախենում, նոր բան սովորելու հնարավորության համար ուրախանում եմ, ինքնուրույն և ավագ ու կրտսեր՝ սովորող ընկերներից սովորելը, սովորածս արագ փոխանցելը՝ ում պետք է, դարձել է սովորություն։